Մարտի 2-15-ին Երևանը կհյուրընկալի շախմատի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մասնակից երկրների պակաս չկա, չկա և մասնակիցների պակաս: Վերջին տվյալներով հայտ ներկայացրած երկրները քսանյոթն են, մասնակիցները` 250-ից ավելի: Ամենամեծ թվով մասնակիցներ կունենա Հայաստանը: Նրան հաջորդում են Ռուսաստանը, Վրաստանը, Իսրայելը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցողներից մոտ տասնհինգն ունեն 2700-ի շեմը գերազանցող վարկանիշ, ինչը վատ ցուցանիշ չէ: Հայաստանի հայտնի գրոսմայստերներից չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը (2682), Գաբրիել Սարգսյանը (2671), Տիգրան Լ. Պետրոսյանը (2639): Ինչ վերաբերում է կանանց, մասնակիցների մեջ են Հայաստանի կանանց ընտրանու անդամներ Լիլիթ Մկրտչյանը (2465), Մարիա Կուրսովան (2326), Լիլիթ Գալոյանը (2317): Մերոնցից ընդհանուր թվով մրցումներին կմասնակցի քսանմեկ շախմատիստ-շախմատիստուհի:
Մրցաշարը նվիրված է լինելու աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, ում 85-րդ տարին է բոլորում: Մրցանակային ֆոնդը 160 հազար եվրո է: Հաղթողին բաժին կհասնի 20 հազար: Խաղերի բացման հանդիսության վայր է ընտրված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնը (սկիզբը` 21.00-ին), խաղերը կանցկացվեն «Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնում: Խաղերը կսկսվեն ժամը 15.00-ին, բացառություն կա միայն վերջին տուրի հետ կապված. նրա մեկնարկը կտրվի մեկ ժամ շուտ: Շախմատիստները կունենան հանգստյան մեկ օր` մարտի 9-ը: Տուրերի ընդհանուր թիվը 11 է:
Առաջնությունում առաջին քսաներեք տեղերը գրավածներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի գավաթի հերթական առաջնությանը, որը գալիք տարի անցկացվելու է Բաքվում: Ըստ նախնականի, դրան չեն մասնակցի մեր գրոսմայստերները: Պատճառներն ավելի քան հայտնի են:
Եվրոպայի երևանյան առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ